Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 4 » Պատմում են լուսանկարիչները. Ֆոտո ֆորում 2017
19:44
Պատմում են լուսանկարիչները. Ֆոտո ֆորում 2017
Ապառիկով ֆոտոապարատից մինչև նախագահի լուսանկարիչ, «չի կարելի» շարքերից մինչև փոքրիկ խորամանկություններ...

«Global Media Lab» ընկերությաան կողմից կազմակերպված «Ֆոտո ֆորում 2017»-ը միավորեց մի քանի լուսանկարիչների պատմություններն ու էքստրեմալ փորձերը: Տարբեր էին խոսնակները, տարբեր էին դեպքերը, հարցերն` առավել ևս:

«Առաջին ֆոտոապարատս ապառիկով եմ գնել, հետո դա նորից հանձնել եմ լոմբարդ կուտակված պարտքը փակելու համար»,- բեմի երկայնքով քայլելով պատմում էր լուսանկարիչ Էդգար Հարությունյանը: Դա նրան ստիպեց աճել ու զարգանալ, իսկ այսօր արդեն որպես լուսանկարիչ աշխարհում երկրորդ տեղն է ֆեյսբուքյան հետևորդների թվով:
Բերտա Մարտիրոսյանը, ում շատերը ճանաչեցին ֆեյսբուքի միջոցով, պատմում էր, որ մի անգամ ստիպված է եղել իր լուսանկարներից մեկը անել հեռախոսի լույսով, քանի որ լույսերն անջատել էին:
«Լուսանկարել սկսել եմ ամենահասարակ ապարատով, այնպես որ եթե դուք սիրում եք լուսանկարել, բայց չունեք լավ տեխնիկա, դա չի կարող խանգարող հանգամանք լինել»,- անկեղծանում էր Բերտան:
Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը մտավ լուսանկարչական ոլորտ այն ժամանակ, երբ դաշտում գրեթե չկային կանայք և անգամ երիտասարդ տղամարդիկ: «Բա էսօր ճաշ եփե՞լ ես, տղայիդ մանկապարտեզ տարե՞լ ես` շուրջբոլորն այսպիսի հարցեր էին ինձ ուղղում: Առաջին տարում ես սկսեցի համոզել ինձ ու մյուսներին, որ կարող եմ անել այն, ինչ դեռ չի անում ոչ մի կին»,- պատմում էր Նազիկը, իսկ էկրանին թերթվում էին «Վերապրածները» շարքի լուսանկարները:
Դրանից հետո «Մենակության շտամպը» շարքն էր, որ կրկնակի համարձակություն էր պահանջում. խոսել լուսանկարներով այն թեմայի մասին, որը սովորաբար կոծկում են: Նազիկն, այդ փորձն անելով, հասարակությանը ի ցույց դրեց համասեռամոլների կյանքն ու ապրելակերպը:

Ու այսպես պատմությունը պատմության հետևից խոսնակները կլանում էին ներկաների ուշադրությունը, երբեմն ծիծաղեցնում, երբեմն էլ ստիպում փշաքաղվել:
Հետաքրքիր դրվագներից մեկն էլ պատահեց նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ելույթի ընթացքում: Դահլիճում նստած աղջիկներից մեկը հարցրեց, թե արդյոք նախագահը ֆոտոգենիկ է: Դավիթը խոստովանեց, որ իրականում բոլորն են ֆոտոգենիկ, կարևորը ճիշտ անկյունն ու լուսավորությունը գտնելն է: Այն կախված է նաև անձի բաց և փակ լինելուց, թե ինչքանով է տվյալ մարդը արտիստիկ:
«Քաղաքական ոլորտում լուսանկարիչ լինելն իրականում այնքան էլ հեշտ չէ: Պետք է տիրապետել դաշտին, իմանալ` որ ուժը որի հետ է համագործակցության մեջ, որի հետ` ոչ: Այդպիսով լուսանկարներն էլ ճիշտ ու դիպուկ են ստացվում»,- պատմում էր Դավիթ Հակոբյանը:

Անձնական փորձից ու պատմություններից բացի ներկաներին հետաքրքրում էր նաև ճիշտ ու որակյալ լուսանկարներ ստանալու գաղտնիքը:
Լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանը խոսում էր գիշերային լուսանկարչության առանձնահատկությունների մասին. «Արտահայտիչ աստղ ստանալու համար պետք է գտնել ճիշտ պահը. երբ լուսինը փոքր է: Նախընտրելի է քաղաքից հեռու լինել, որպեսզի ավելորդ լույսերը չխանգարեն»:
Ֆեյշըն լուսանկարիչ Դիանա Բոստանչյանն էլ պատմում էր, որ արտիստների հետ աշխատելը բարդ է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումներն ու ցանկությունները: «Ինձ երբեմն ասում են, որ պետք է ներկա գտնվեն լուսանկարը մշակելու ժամանակ` չհասկանալով, որ դա ինձ խանգարում է»,- ծիծաղելով խոստովանում էր Դիանան: Նրա կարծիքով պետք է լինել համբերատար ու աշխատել ճիշտ թիմի հետ` մանավանդ, երբ պետք է լուսանկարել տղամարդկանց: Այդ ժամանակ օգնության են հասնում ստիլիստները համապատասխան կերպար ստանալու համար:

Դե իսկ ինչպե՞ս հասնել հաջողության այս ոլորտով զբաղվելիս: Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանն ասում է` հաջողությունն այն է, երբ դու էյֆորիայի մեջ ես քո իսկ աշխատանքների շնորհիվ: «Այս գործում ինձ օգնել է իմ ֆիզիկոս լինելը: Քանի որ ես սիրում եմ նկարել մարդկանց ու կենդանիների աչքերը, մասնագիտությանս շնորհիվ կարողացել եմ ցույց տալ աչքի ողջ կառուցվածքն ու խորությունը»,- ներկաների հետ կիսվում էր Սուրեն Մանվելյանը:
Իսկ ամենավերջում տեղի ունեցավ ինտերակտիվ խաղ: Մասնակիցներն իրենց սմարտֆոնների միջոցով պատասխանում էին լուսանկարչության հետ առնչվող հարցերին: Առաջին երեք հաղթողները պարգևատրվեցին: Չնայած նախատեսված ժամանակն արդեն սպառվել էր, բայց ելույթ ունեցավ նաև ֆորումի կազմակերպող ընկերության` «Global Media Lab»-ի տնօրեն Սեդա Վարդանյանը: Նա պատմում էր` ինչպես կարելի է ճիշտ ներկայացնել անձը ու, օգտագործելով սոցիալական ցանցերը, կատարել անձի բրենդինգ:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1943 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика