Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 17 » «Միշտ փորձել եմ իմ «հեծանիվ»-ը ինքս ստեղծել»․ Աստղիկ Սաֆարյանը՝ նոր տեսահոլովակի մասին
11:31
«Միշտ փորձել եմ իմ «հեծանիվ»-ը ինքս ստեղծել»․ Աստղիկ Սաֆարյանը՝ նոր տեսահոլովակի մասին
Աստղիկ Սաֆարյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է երգչուհու հեղինակած՝ «Ստանդարտ» երգի հիման վրա։ Երգը ներառված է իր 3-րդ՝ «Better Way» ձայնասկավառակում։ Թե ինչպես ծնվեց երգը և ինչ ստանդարտների մասին է խոսքը, starslife.am-ի հետ զրույցում պատմում է երգչուհին։

Երգի բառերն ու երաժշտությունը համատեղ ծնվեցին.
Երբ Սերժոյի հետ խոսեցինք և որոշեցինք համատեղ մի գործ անել, նա ինձ ուղարկեց իր աշխատանքներից մի քանիսը․ակամայից այս գործն ինձ հոգեհարազատ թվաց իր երաժշտական միտումներով ու գույներով։ Թեմայի գաղափարը ծագեց, երբ արդեն փորձում էի այդ գործիքավորման հիման վրա գրել երաժշտությունն ու խոսքերը։ Դրանք համատեղ ծնվեցին։ Սկզբնական տարբերակը ուղարկեցի Սերժոյին։ Նա լսեց և միայն կրկներգի համար առաջարկեց երաժշտական այլ թեմա։ Ես փորձեցի գրել նոր խոսքեր։ Ամբողջացավ ու կառուցվեց երգը՝ դառնալով այն, ինչ լսում ենք այսօր։

Սերժոն նախևառաջ իմ մտերիմ ընկերն է, հետո նոր գործընկերը.
Բնականաբար, նրա հետ աշխատելը շատ հաճելի է։ Հեշտությամբ կարողանում ենք հասկանալ միմյանց երաժշտական տեսանկյունից։ Եթե այլ երաժիշտների դեպքում առաջացած անհամաձայնությունները կարող են այլ կերպ ընկալվել, ապա Սերժոյի դեպքում մոտեցումը գործին շատ ավելի ընկերական է։ Հետևաբար՝ չի վերածվում անհամաձայնության։ Շնորհակալ եմ նրան այս երգի երաժշտական պրոդյուսինգի համար, որն ինձ ոգեշնչեց գրելու երգի երաժշտությունն ու խոսքերը։

Միշտ փորձել եմ իմ «հեծանիվ»-ը ինքս ստեղծել.
Երբեք չեմ եղել ստանդարտ, որպեսզի հոգնեմ դրանից։ Թե՛ երաժշտությանս և թե՛ ապրելակերպիս մեջ երբևէ չեմ ընտրել այն, ինչը շատերի համար նորմալ ու օրինաչափ է։ Փորձելով միշտ լինել պիոներ՝ չեմ գնացել այն ուղղությամբ, ուր գնում են շատերը։ Եվ դա բոլորովին էլ նպատակադրված չի եղել, ուղղակի հետևել եմ ներքին ձայնիս ու պահել անհատականությունս։

Կերպարներիս հեղինակը ես եմ.
Բոլոր կերպարներիս ոճաբանը ինքս եմ։ Իմ կողմից նախապես ընտրված բոլոր կերպարներին համապատասխան էլ իրականացվել է դիմահարդարումը և վարսահարդարումը։ Աշխատել եմ հիանալի մասնագետներ Լիդիա Ավետիսյանի և Հռիփսիմե Մանավազյանի հետ։

Ոչ ոք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին դու ես.
Երգումս հենց դա եմ փորձել ներկայացնել․ երբ դիմացինդ քեզ այնքան յուրահատուկ է համարել, որ ընտրել և սիրել է քեզ, ապա պետք չէ նրան հիասթափեցնել՝ դառնալով շատերի նման, և հետևել այն քայլերին, որ անում են մյուսները։ Դրանով ուղղակի կորցնում ես այն յուրահատկությունը, ինչի շնորհիվ քեզ սիրել են։

Մենք յուրաքանչյուրս էլ յուրովի հատուկ ենք։ Պետք է դա կարևորել։ Երգը կոչ է անում լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։ Ոչ ոք չի կարող լինել քեզ նման․հենց դրանում է կայանում մեր ներքին ուժն ու կարևորությունը։


Նյութը՝ Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1532 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика