Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 5 » Մեկնարկեց «Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնը
21:24
Մեկնարկեց «Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնը
Երևանում կրկին երաժշտական տոն է: Այս անգամ հուլիսի 4-12-ը կանցկացվի «Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնը, որի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ արտիստներ տարբեր երկրներից:

Մրցույթն անցակցվում է «դաշնամուր» մասնագիտությամբ: Պայքարն ընթանում է շուրջ 14 երկրի 38 դաշնակահարների միջև:
Մրցույթ-փառատոնը մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Ալեքսեյ Շորի «Բազեի թռիչք» ստեղծագործությամբ հանդիսատեսին ողջունեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և մենակատար Ռոման Կիմը:
Ելույթից առաջ իր տպավորությունների մասին պատմեց ջութակահար Ռոման Կիմը, ով առաջին անգամ էր Հայաստանում. «Չորս ինքնաթիռ եմ փոխել մինչև Գերմանիայից հասել եմ Հայաստան: Թեև ամբողջ ընթացքում քնել եմ, այնուամենայնիվ, ամեն ինչ հրաշալի է` թե՛ ջերմ եղանակը, թե՛ դահլիճը: Դիրիժորն իսկապես հրաշալի մարդ է: Այսօր նվագելու եմ Պագանինիի ստեղծագործություններից. նա մանկությունից իմ կուռքն է եղել»,- հպարտորեն ասում էր Ռոման Կիմը:
«Do you want some rocknroll?»,- հանդիսատեսին հարցրեց ջութակահարը և սկսեց նվագել` պայթեցնելով դահլիճը:
Վերջինիս բուռն ծափերն ու արձագանքը վկայում էին, որ Կիմը սիրվեց Հայաստանում:
Երեկոյի ընթացքում հնչեցին Նիկոլո Պագանինիի, ինչպես նաև Անտոն Բրուքների ստեղծագործություններից:
«Շատ ուրախ եմ, որ մեզ նույնպես հնարավորություն է տրվել բացման համերգին մասնակցել: Կրկնակի ուրախ եմ, որ Սերգեյի կողքին եմ: Սա հրաշալի համագործակցություն է, որը մեր երկրի համար կարևոր դեր ունի: Սպասում եմ նոր տաղանդների բացահայտվելուն»,- անկեղծանում էր Էդուարդ Թոփչյանը:
Մրցույթ-փառատոնի վերջին օրը ժյուրիի ընտրությամբ 5 լավագույնները հնարավորություն կունենան հանդես գալու 2018թ.-ին Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին:
«Armenia» միջազգային երաժշտական առաջին մրցույթ-փառատոնը անցկացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Սմբատյանն է:


Նյութը` Աննա Կոստանյանի
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 577 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика