Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 1 » Ջազային ելևէջները մայրաքաղաքում․ Երևանում նշվեց ջազի միջազգային օրը
23:11
Ջազային ելևէջները մայրաքաղաքում․ Երևանում նշվեց ջազի միջազգային օրը

Ջազի սիրահարները հավաքվել էին Կասկադ համալիրում։ Արդեն վեցերորդ տարին է՝ ապրիլի 30-ին՝ ջազի միջազգային օրը, Երևանում նշվում է բացօթյա համերգով։


Համերգին իրենց ելույթներով հանդես եկան ոչ միայն հայ անվանի ջազմեններն ու ջազ բենդերը, այլև արտասահմանից հրավիրված հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենը։ Միջոցառմանը  առաջին անգամ  մասնակցում էր նաև Սպենդիարյանի անվան երաժշտական ջազ բենդը։  Համերգի ընթացքում փոքրիկ տեսանյութ ցուցադրվեց  ՀՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի մասին, որից հետո իր շնորհավորական խոսքով հանդես եկավ «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Թութունջյանը



«Տեսանյութը դիտելիս շատ հուզվեցի, հիշեցի մեզ այն ժամանակ, երբ մեր քառյակով առաջին անգամ հայկական ջազը ներկայացրինք Հայաստանի սահմաններից դուրս։ Շատ սիրում եմ մաեստրոյին և շնորհավորում իրեն այս տոնի առթիվ»։


Իր ոգևորությունը հայտնեց նաև կիթառահար Արամ Վարդանյանը։ Ամեն տարի այս համերգին մասնակցելով՝ նա փաստում է, որ մարդկանց քանակը գնալով ավելանում է, իսկ դա ուրախալի է։ «Սա իսկապես շատ լավ խթան է, որ մարդիկ ծանոթանան ջազի բոլոր երանգներին, քանի որ ջազը ժամանակի ընթացքում բազում ճյուղեր է տվել և այսօր շատ ամուր հիմքի վրա է։ Լավ կլինի, եթե մարդիկ սկսեն ավելի շատ հետաքրքրություն ցուցաբերել դեպի ջազը»։


Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցը նույնպես հույս է հայտնում, որ ջազը դեռևս կապրի և կծաղկի Հայաստանում։ «Մենք ունենք փայլուն երիտասարդ սերունդ, դպրոցական ջազ նվագախմբեր, երաժիշտներ։ Ուրախ եմ, որ միջազգային այս փառատոնի միջոցով մենք էլ դարձել ենք ջազային հանրության բաղկացուցիչ մասը»։ Արմեն Հյուսնունցը կարծում է, որ  ջազի այսօրվա մեսիջը  անկեղծությունն ու ազատությունն է։ Իսկ երիտասարդներին, ովքեր նոր են մուտք գործում ջազի աշխարհ, մաղթում է ստեղծարարություն և հավատ դեպի սեփական ուժերը։


Ջազը ծնվել է Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում ու արվարձաններում, որտեղից շոգենավերով հասել է Չիկագո և Նյու Յորք։ Իսկ 2012 թվականից  Հայաստանի ջազի ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նշվում է նաև այստեղ։ Այն աֆրիկյան և եվրոպական մշակույթների խառնուրդ է, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև։

Նյութը՝ Աննա Կոստանյանի

               

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2541 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика