Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 11 » Հայի արյունը շատ երաժշտական է. «D’Black Blues Orchestra»-ի երաժիշտ Պավել Պլակսին. Էքսկլյուզիվ հարցազրույց
10:06
Հայի արյունը շատ երաժշտական է. «D’Black Blues Orchestra»-ի երաժիշտ Պավել Պլակսին. Էքսկլյուզիվ հարցազրույց

Հունիսի 3-ին Հանրապետության հրապարակը շնչում էր բարձրաճաշակ երաժշտություն: Երաժիշտ ու գործարար Վլադիմիր Ավետիսյանը և «D’Black Blues Orchestra»-ն Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյակի առթիվ Երևանում ներկայացրին բլյուզային մեգաշոու:

Համերգի ժամանակ հնչեցին բյուզի համաշխարհային ժառանգության առավել հայտնի ստեղծագործությունները: Հենց Երևանում տեղի ունեցավ «The Anthology of Blues» շոուի պրեմիերան: Կազմակերպիչների խոսքով՝ բեմն իր մեծությամբ ու տեխնիկական հագեցվածությամբ առաջին անգամ էր նրանց համերգային շրջագայությունների ընթացքում:
«D'Black Blues Orchestra»-ն միջազգային բլյուզ նախագիծ է: Խմբի լիդերը երաժիշտ, գործարար և բարերար Վլադիմիր Ավետիսյանն է:

Խմբի հետ բեմ դուրս եկավ ամերիկյան բլյուզ երգչուհի Մոնիկա Գրինը: Բեմում ողջ ընթացքում կենդանի երաժշտությունն ապահովեցին երաժիշտներ նաև Իսպանիայից, Ֆրանսիայից , Շվեդիայից, որոնց հայ հանդիսատեսը յուրովի ծափերով դիմավորեց ու ճանապարհեց:
Վլադիմիր Ավետիսյանն իր հարցազրույցներում մշտապես նշում է, որ երաժշտությունից հասկացող ու այն ընկալող հանդիսատես, ինչպիսին հայն է, որևէ տեղ չկա: Նա մշտապես տպավորված է հայ հանդիսատեսի ջերմությունից: Թե ինչ տպավորություններով է հեռացել խմբի երաժիշտ, ստեղնաշարային գործիքների վարպետ Պավել Պլակսինը ստորև ներկայացնում ենք մեր թղթակցի հետ հարցազրույցի տեսքով:

- Ողջույն: Հարգելի՛ Պավել, նախ շնորհակալ ենք , նման գեղեցիկ համերգի համար: Հուսանք՝ հավանեցիք Հայաստանը:
- Ողջույն: Հրաշալի՛ հանրություն է։
- Ի՞նչ կարծիք ունեք հայ հանդիսատեսի մասին, ինչո՞վ ենք մենք տարբերվում այլազգի հանդիսատեսից:
- Հայ հանդիսատեսը հիանալի է ընկալում նուրբ ու խորը երաժշտությունը: Դա բացատրվում է նրանով, որ անգամ տնտեսապես ամենածանր տարիներին երկրում չի դադարել երաժշտությունը զարգացնելու հետաքրքրությունը:
- Հատկապես ի՞նչը Ձեզ դուր եկավ Հայաստանում. բնությունը, մշակույթը, խոհանոցը…
- Հայաստանում ինձ դուր եկավ ամեն ինչ. վերը թվարկված բոլորը:
Խոհանոցը, իհարկե, ամենաշատը դուր եկավ: Միայն ցավալին այն է, որ ստիպված ենք ազատվել ավելորդ կիլոգրամներից, որը մենք աննկատելիորեն ձեռք բերեցինք հայկական խոհանոցի հրաշքները ճաշակելով:

- Ցանկություն ունե՞ք նորից այցելել Հայաստան:
- Իհարկե կվերադառնամ: Հայաստանը մի քանի անգամ ավելի լավն է, քան եվրոպական ցանկացած երկիր, որտեղ եղել ենք: Պարզապես հրաշալի է:
- Ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը, և ո՞ր տարիքից եք զբաղվում երաժշտությամբ:
- Չեմ հիշում, թե որ տարիքից եմ զբաղվում երաժշտությամբ: Հայրս երաժշտական դպրոցի տնօրեն էր, մայրս նույն դպրոցում տեսական առարկաներ էր դասավանդում: Այդ իսկ պատճառով, ինձ ինչքան հիշում եմ, երաժշտությամբ եմ զբաղվում: Հայրիկիս շնորհիվ, մինչ այժմ երաժշտությամբ սկսում եմ զբաղվել ժամը 06:00-ից: Մենք միասին էինք հաճախում երաժշտական դպրոց, 2 տարի անց նա դադարեց ինձ հետ հաճախել, իսկ ես մինչ այսօր շարունակում եմ ու չեմ կարողանում կանգ առնել:

- Հայ հայտնի երաժիշտների մասին ի՞նչ կասեք: Ո՞վ է նրանցից ավելի սիրելի Ձեզ համար:
- Իհարկե, կառանձնացնեմ Արամ Խաչատուրյանին, ով միահյուսել է պոլիռիթմիան ու ազգային կոլորիտը, Առնո Բաբաջանյանին՝ իր մեղեդայնությամբ, Ջիվան Գասպարյանին՝ իր դուդուկով: Կնշեմ նաև արտասահմանում հայտնի հայկական արմատներով կոմպոզիտորների դիրիժորների. Կարոյան, Լեգրան։
Շնորհակալություն հարցազրույցի ու Ձեր գնահատականների համար:
Երաժիշտը վերջում ավելացրեց:

- Հայի արյունը շատ երաժշտական է աշխարհստեղծման նուրբ ընկալմամբ:


Նյութը՝ Կարինե Գևորգյանի
Լուսանկարները՝ Վլադիմիր Ավետիսյանի և Պավել Պլակսինի անձնական արխիվներից

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1109 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика