Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 7 » Եվրոպան հանուն խաղաղության
22:45
Եվրոպան հանուն խաղաղության

«Եվրոպայի օրը անկախության, խաղաղության, համերաշխության և արդարության մասին է։ Այն մեր միասնական տոնն է»,- ողջունեց բոլորին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրոպայի օրվան նվիրված դասական համերգի սկզբում։ Նա հավատացրեց, որ անպայման շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանում և աշխատելու են հօգուտ հայերի։

Համերգը կրում էր «Եվրոպան հանուն խաղաղության» խորագիրը, որին մասնակցում էին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հայաստանի երեխաներ» երգչախումբը և ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաները։

Իր երախտագիտությունը հայտնեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Հայաստանը Եվրոպական Միության հետ կառուցել է ամուր հարաբերություններ, բարեփոխումներ իրականացրել գլխավորապես հանրային կառավարման ու արդարադատության ոլորտներում։ «Այս տարին սկսվեց եվրոպական հագեցած օրակարգով: Դեռևս փետրվարին՝ Բրյուսելում, Հայաստանի Նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեցին Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, իսկ արդեն մարտին այն նախաստորագրվեց Երևանում։ Այդ համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորությունն ու էությունը արտացոլող փաստաթուղթ է»,- հավելեց արտգործնախարարը:

Համերգին ընդառաջ աշակերտները ստեղծել էին թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ մայրաքաղաքները, բնապատկերներ կամ այն, ինչ, ըստ իրենց, ասոցացվում է Եվրոպայի և խաղաղության հետ: Ժյուրիի կողմից ընտրվել էին Հայաստանի գեղարվեստի 98 դպրոցների կողմից ներկայացված գեղանկարներից լավագույնները: Համերգի ընթացքում գեղանկարները հանդիսատեսին ներկայացվեցին էկրանի վրա, ինչպես նաև ցուցադրվեցին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:

Ընտրված գեղանկարների հեղինակ աշակերտները հրավիրվել էին համերգին, որի ընթացքում նրանց հանձնվեցին անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ Եվրոպական միության անունից:

«Ձայնի պահպանման վոկալ» երգչախմբային դպրոցի խմբավար Էմմա Առաքելյանը նշում է, որ խաղաղության մասին երգը երեխաների կողմից ներկայացնելով ցույց են տալիս, որ խաղաղությունը նրանց ու հաջորդ սերունդների մեջ է։ «Խոսելով աշխարհի հետ այս լեզվով՝ հավատում ենք՝ մի օր անպայման տեղ կհասնի, որ խաղաղությունը բոլորիս է պետք»։

Իր ոգևորություններով մեզ հետ կիսվեց նույն երգչախմբի սան Մարիա Մովսեսյանը «Մինչ այս համերգը էլի ելույթներ ենք ունեցել Օպերայի մեծ երգչախմբի հետ: Այս անգամ տպավորություններս իսկապես մեծ էին: Երգելիս մեծ հպարտություն էի զգում։ Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մարդիկ երջանիկ ու խաղաղ ապրեն, իսկ երեխաները ուրախ մանկություն ունենան»։

Նյութը՝ Աննա Կոստանյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 2103 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика