Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 18 » Ետնաբեմում խառնաշփոթ էր, բեմում` իսկական շոու
18:11
Ետնաբեմում խառնաշփոթ էր, բեմում` իսկական շոու
«Արտ Ֆեստ» միջազգային 5-րդ փառատոնի նախավերջին օրը նվիրված էր նորաձևության ցուցադրությանը: Հայ երիտասարդ ստեղծագործող-դիզայներները ներկայացրել էին իրենց աշխատանքները` հարսանեկան զգեստներից մինչև ագրեսիվ կերպարներ: Իսկ «U Can» կենտրոնի մոդելները ցուցադրում էին դրանք ժյուրիի անդամներին ու մնացած ներկաներին:

Երիտասարդ դիզայներ Գայանե Զալիբեկյանը փառատոնին մասնակցում էր «Կուբ» հավաքածուով: «Իմ ներկայացրած հավաքածուն քառօրյա պատերազմի հերոսներին է նվիրված: Այս գաղափարը գրեթե մեկ տարի մտքումս եղել է: Հետո որոշեցի այն ներկայացնել «Արտ Ֆեստ» փառատոնին: Յուրաքանչյուր հագուստ ունի վեց հարթություն: Լուսանկարների մեջ կտեսնեք` ինչպես է մոդելը իրեն նայում հինգ տարբեր դիտակետերից, իսկ վեցերորդը հենց ինքն է»,- պատմում էր Գայանեն:
Անահիտ Օհանյանը նույնպես փառատոնի մասնակիցներից էր: Նա ներկայացնում էր «Գեղեցիկ արվեստներ» ազգային ակադեմիան: Անահիտը ասում էր, որ իր ոգեշնչման աղբյուրը 19-րդ դարի կանանց հագուստներն են. «Ես վերցրել եմ այդ օրինակներն ու փոփոխել: Փորձել եմ դրանց հագուստների տեսք տալ: Իմ հավաքածուով ուզում եմ ասել, որ պետք չէ վախենալ փոփոխություններից ու նորաոճ հագնվելուց»:
Երաժշտական տարատեսակ համարներից հետո իր տպավորությունների մասին պատմեց ժյուրիի անդամ, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը: Նրա կարծիքով այսպիսի ցուցադրություններն օգնում են սկսնակներին ծանոթանալ ետնաբեմային կյանքին. «Սա, իսկապես որ, լավ սկիզբ է բոլորի համար: Կային, բնականաբար, որոշակի թերություններ: Բայց ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ընդհանրապես չանել: Միակ մտավախությունս այն է, որ ցուցահարթակը կամ բեմը չմեծամտացնի մասնակիցներին»:

Հյուրերի կազմում էր «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, ում ամենաշատը դուր էին եկել ասեղնագործ հագուստներն ու դրանց վրայի տարբերվող զարդանախշերը: «Քանի որ մենք Հայաստանում առաջին նորաձևության տունն ենք, միշտ էլ պայքարել ենք, որ հայ դիզայներները ասպարեզ դուրս գան: Եվ ուրախ եմ, որ «Արտ Ֆեստ»-ի մեջ էլ ենք այս ոլորտը ներգրավել: Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ` մանավանդ, որ մասնակիցները փորձել էին ազգային տարրը օգտագործել իրենց աշխատանքներում»:

Ցուցադրության վերջում իր սպասումների ու ակնկալիքների մասին խոսեց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը. «Լեցուն դահլիճները, հետաքրքիր հանդիպումները` ամեն ինչ մեր պատկերացրածի պես ընթացավ: Այս տարի, ինչպես արդեն գիտեք, փառատոնը հարուստ էր նաև արտասահմանյան հյուրերով: Կարծում եմ` հետզհետե սկսում ենք իբրև միջազգային մշակութային հարթակ` մեր ասելիքը տեղ հասցնել»:

Փառատոնի նախագահը պատմեց նաև, որ փառատոնի օտարազգի մասնակիցներից մեկը, ով, իբրև մեներգչուհի, աշխարհի տարբեր երկրներում է հանդես եկել, վերջերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե Հայաստան այցելությունը իր կյանքի լավագույն քայլն էր. «Դա ինձ համար ամենալավ գնահատականն է»,- հպարտորեն ասաց Էրիկը:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1439 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика