Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 23 » Բենդ-փառատոն «Հայկական տանիքի» ներքո
14:28
Բենդ-փառատոն «Հայկական տանիքի» ներքո


Գորգաշատ տանիք, զով քամի, խելացնոր երաժշտություն, մի բուռ սեր ու ադրենալին...
Սիրիահայ ու տեղաբնակ երիտասարդները հավաքվել էին «Հայկական տանիքի» ներքո:
Հենց այս խորագրով բենդ-փառատոնը կազմակերպվել էր «World Vision Armenia» միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ` նպատակ ունենալով հզորացնել երիտասարդների կարողությունը, նպաստել սիրիահայերի ինտեգրացիային հայկական մշակութային կյանքին:
Միջոցառման կազմակերպիչներից Հայկ Մկրտչյանը մանրամասնում էր, որ ուզում էին միավորել երկու տարբեր մշակույթներ` ներկայացնելով նոր մոտեցումներով հին հայկական երգեր. «Իրականում պետության և հասարակական կազմակերպությունների կողմից շատ բան է արվում, բայց չկա որևէ ոչ ֆորմալ միջավայր, որտեղ սովորական երիտասարդը կարող է շփվել, օրինակ, պետական կամ հասարակական ներկայացուցչի հետ հայկական տրամադրող մթնոլորտում: Մենք էլ որոշեցինք այդ բացը լրացնել»:
Երեկոյի ընթացքում իրենց ջերմ կատարումներով թվով 6 բենդեր մարդկանց սեր ու ժպիտներ նվիրեցին: Բոլորը խաղաղ էին. մի մասը հանգիստ տեղավորվել էր նախշազարդ գորգերի վրա, մյուսներն էլ կանգնել ու վայելում էին երաժշտաշատ օդը: Երգում էին «Հայասա», «Օլդ բենդ», «Ռենա Դե», «Եթե», «Արմադամ» և «Հայ Ջի» բենդերը:


Հնչեցին նաև սիրիահայ երիտասարդների հաջողակ պատմություններ, որոնք ներկաներին և՛ ոգեշնչեցին, և՛ զարմացրին:
«Երբ 15 տարի առաջ նստած տեխնիկական աշխատանք էի կատարում առավոտից մինչ երեկո, մի պահ գիտակցեցի, որ դա այն չէ, ինչ որ ես միշտ երազել եմ անել, որ ես իմ հանդեպ անկեղծ չեմ եղել:
Որոշեցի փոխել աշխատանքս»,- պատմում էր Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանն ու հորդորում փոփոխություններն հօգուտ սեփական անձի օգտագործել:
Իսկ Էստոնիայից վերադարձած 20-ամյա Թամարան անկեղծանում էր, թե ինչ մշակութային շոկեր է ապրել, երբ երկու տարի առաջ եկել է Հայաստան. «Առաջին բանը, որ ես սովորեցի` «կանգառում պահեք» արտահայտությունն էր: Հասկացա, որ այստեղ առանց դրա չես կարող ապրել: Զարմանքս ավելի մեծացավ, երբ նկատեցի, որ Հայաստանում գրեթե բոլորը ամենուրեք ծխում են»:
Թամարան, այնուամենայնիվ, կարծում էր, որ միայնակ ճամփորդելուց լավ բան չկա: Դա օգնում է արագ ինտեգրվել, նոր բացահայտումներ անել ու ընկերներ ձեռք բերել:


Երեկոն շարունակում էր հոգեցունց պահեր պարգևել բոլորին: «Հայասա» բենդի մեներգչուհի Գայանե Ավդալյանն ասում էր, որ նմանատիպ միջոցառումների համար արժե ջանք ու եռանդ ներդնել, քանի որ քաղաքը դրանց կարիքը շատ ունի:

«Հաճելի է, երբ հանդիպում ես քո հանդիսատեսին, ընկերներին, կարողանում ես զգալ իրենց էներգիան ու լիցքավորվել: Այսպիսի օրերին քաղաքը մի տեսակ լավ երաժշտություն է շնչում»:

Դիտել ֆոտոշարքը

Նյութը` Աննա Կոստանյանի

Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1722 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика