Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 10 » «Արտ Ֆեստ»-ն արդեն բացել է իր դռները
19:49
«Արտ Ֆեստ»-ն արդեն բացել է իր դռները
Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվեց «Վեստսայդյան պատմություն» պարային, ռոքային ու ջազային ներկայացմամբ, որի գեղարվեստական ղեկավարը ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանն է: Նրա խոսքով` դա ուսանողների համար հիանալի հնարավորություն է ինքնադրսևորվելու և բեմում իրենց տաղանդը ցույց տալու:

Ներկայացումն սկսվելուն պես դահլիճում զարմացած հայացքներ էին, բեմում` խառնաշփոթ:
Բացմանը ներկա էին արվեստի մի շարք ներկայացուցիչներ, որոնցից շատերը ընդգրկված են փառատոնում որպես ժյուրի` Երվանդ Երզնկյանը, Լալա Մնացականյանը, Դավիթ Հակոբյանը, Նարեկ Դուրյանը և այլք:

Բոլորին ողջունեց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը ու մաղթեց հաճելի դիտում: Իր ոգևորվածությունը հայտնեց նաև Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը. «Ուրախ եմ, որ այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր արվեստը իրենց համար ընտրել են որպես ճակատագիր ու ապրելակերպ. դա համարձակ ընտրություն է: Մեր այսօրվա մասնակիցներն այն մարդիկ են, ովքեր քսան տարի հետո լինելու են փառատոնի ժյուրիի անդամները»,- համոզված խոսում էր Դավիթ Մուրադյանն ու կարևորում այն փաստը, որ առաջին անգամ փառատոնի ընթացքում արտասահմանից հյուրեր են ունենալու: «Ոչ մի մշակույթ ինքն իր մեջ չի կարող կայանալ: Մշակույթ նշանակում է նամակ աշխարհին»:

Ներկայացումից հետո դերասան Դավիթ Հակոբյանը պատմեց մեզ իր տպավորությունների մասին` իր ուրախությունը հայտնելով, որ մեզ մոտ պարային ռեժիսուրայի ինստիտուտը կայանում է. «Արդեն սկսել են հին, դասական ստանդարտից դուրս մտածել: Դա ամենակարևորն է: Պարտադիր չէ, որ սա բոլորի կողմից ընդունվի: Արվեստի յուրօրինակությունն էլ հենց դա է. այն հետաքրքիր ու հասկանալի է միայն արվեստին մոտ գտնվող մարդկանց»,- պատմում էր դերասանը:

Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը` Աննա Կոստանյանի
Լուսանկարները`
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1660 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика