Գլխավոր էջ » 2017 » Հունիս » 7 » Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մեկնարկը տրված է
13:11
Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մեկնարկը տրված է
Հայ անվանի կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը մեկնարկել է:
Այս տարի շուրջ մեկ շաբաթյա պայքարը լինելու է վոկալիստների միջև:

Մրցույթի բացումը տեղի ունեցավ հունիսի 6-ին. համերգով ու Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությամբ: Կիսանդրու ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ բարերար Արմեն Սադղյանը: Այն նվիրաբերվել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
Աշխարհի 13 երկրներից մրցույթին մասնակցելու և կոմպոզիտորին հարգանքի տուրք մատուցելու են եկել 37 երաժիշտներ:

Համերգի ընթացքում ներկաներին ողջունեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ում համար օրը նշանակալից է, քանի որ, ինչպես ինքն է ասում, անվանի կոմպոզիտորը համաշխարհային պատմության մեջ խորը հետք ու միջազգային մակարդակով ճաշակ է թողել. «Մեր այս մրցույթով ուզում ենք բացահայտել նոր ու վառ երաժիշտներին: Իսկ արդեն կայացած կատարողների համար սա հրաշալի հնարավորություն է դրսևորվելու և աշխարհին իրենց մասին պատմելու համար»,- հպարտորեն ասում էր դիրիժորը և հույս հայտնում, որ ժյուրիի անդամները անաչառ որոշում կկայացնեն, իսկ հաղթողներին ապագայում կտեսնեն աշխարհի լավագույն բեմերում:

Իր սրտի խոսքն ասաց նաև ժյուրիի նախագահը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ով իր ուրախությունը հայտնեց միջազգային առաջին վոկալային մրցույթին ներկա գտնվելու համար` հատկապես, որ այն Արամ Խաչատրյանի անունն է կրում: Դիրիժորը ներկաներին մաղթեց վայելել մրցութային շաբաթը:
Ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և հատուկ այդ օրվա համար Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների երիտասարդական նվագախումբը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, «Բոլշոյ» թատրոնի մենակատարներ, ինչպես նաև ժյուրիի անդամ Իզաբել Բայրաքդարյանը։
Երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասնեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։

Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը։ Առաջին երեք մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 10000, 5000 և 3000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակներ:


Դիտել ֆոտոշարքը․․․

Նյութը՝ Աննա Կոստանյանի
Լուսանկարները՝
Hayk Starslife
Կից նյութեր: Նկար 1


Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 1389 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика