Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 1 » 3 «Գրան Պրի» և 1 «Ոսկե մեդալ». Հայ մասնակիցները Միջազգային մրցույթում փառահեղ հաղթանակ են տարել
18:06
3 «Գրան Պրի» և 1 «Ոսկե մեդալ». Հայ մասնակիցները Միջազգային մրցույթում փառահեղ հաղթանակ են տարել

Վերջերս Մոլդովայի Քիշինև քաղաքում տեղի ունեցած «Marul de Aur» «Golden Apple» երաժշտական մրցույթին մասնակցել է նաև Հայաստանը և «Գրան Պրի»-ներով վերադարձել:
Մրցույթի մանրամասների մասին starslife.am-ի լրագրողը զրուցել է Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի և Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի դասախոս Մերի Կարապետյանի հետ, ով նաև միջազգային մրցույթի ժյուրիի կազմում է եղել:

Մերի Կարապետյանն ու նրա սաներն ամռանը, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Կովկասի առաջնություն» միջազգային մրցույթի ժամանակ հրավեր են ստացել մասնակցելու «Marul de Aur» «Golden Apple» երաժշտական մրցույթին։
Մրցույթում Հայաստանը ներկայացրել են Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վոկալ-էստրադաի բաժնի սաներ Արսեն Սարգսյանը, Արևիկ Սևյանը, Ռիտա Հովհաննիսյանը և ութամյա Արման Ղազարյանը՝ ով ամենափոքրիկ էր:
Մրցույթին մասնակցել են Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Խորվաթիայից, Ռումինիայից, Չեխիայից, Բուլղարիայից և այլն: Մասնակիցների թիվը հասել է 120-ի:
Մերի Կարապետյանն իր խոսքում նշեց, որ միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից են ընտրել մրցութային երգերը. Կոմիտաս, Օրբելյան, Բաբաջանյան, Սմբատյան: Երգերի ընտրությունը տեղին է եղել. Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցներն արժանացել են «Գրան պրիների» ու «Ոսկե մեդալի»:

«Ժյուրիի անդամներից շատերի համար մեր երգերը կատարելու տեխնիկան պարզապես անհասկանալի էր: Նրանք չէին հասկանում, թե ինչպես կարելի է այդպես երգել, նման հնչյուններ արտահայտել: Երբ Ռիտան երգեց «Դլե յաման»-ը, ժյուրիի անդամներից Ուկրաինայի ներկայացուցիչը, ով Արվեստի ակադեմիայի պրոֆեսորն էր, հուզվեց և արտասվեց: Մերոնք նաև տարազով ներկայացան։ Նրանք շքեղ տեսք ունեին, ինչը ևս շոյեց ժյուրիի աչքը: Ժյուրիի անդամներից Իտալիայի ներկայացուցիչը միայն իտալերեն էր խոսում և ամբողջ ընթացքում նա գոռում էր՝ բելիսիմո»,- նշեց Մերի Կարապետյանը:
Մեր թղթակցի հետ զրույցում մրցույթի մասնակիցները ևս կիսվել են իրենց տպավորություններով:
« Դլե յաման»-ը երգող Ռիտան խոստովանեց, որ ի տարբերություն մյուս անգամների, այս անգամ հուզմունքը ոչ թե խանգարել, այլ օգնել է երգն ավելի գեղեցիկ կատարելուն:
Ամենափոքր մասնակիցը՝ Արմանը, մրցույթին ի սկզբանե մարտական է տրամադրված եղել, և պապիկին ու ընկերներին խոստացել էր՝ վերադառնալ հաղթանակով:
Արևիկն իր խոսքում նշեց, որ գրեթե բոլորին մրցակից է համարել, քանի որ բոլորն էլ շատ լավ պատրաստված են եղել: Ամենից շատ նա տպավորվել էր իտալացիների ելույթից:

Նշենք նաև, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ միասին շնորհակալագրեր է հանձնել Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի դասախոս Մերի Կարապետյանին, նույն դպրոցի սան Արևիկ Սևյանին՝ Մոլդովայում կայացած «Golden Apple 2017» երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը փայլուն ներկայացնելու ու «Գրան Պրի» գլխավոր մրցանակին արժանանալու և Արման Ղազարյանին նույն մրցույթում ոսկե մեդալ ստանալու կապակցությամբ:
Արա Սադոյանը շնորահավորել է հայաստանյան և միջազգային մրցույթներում Կենտրոն վարչական շրջանի անունը բարձր պահած ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ արձանագրած հաջողությունները կունենան նույնքան հաջող շարունակություն և առաջիկայում ևս կլինեն փայլուն հաղթանակներ:
Մենք ևս շնորհավորում ենք Հայաստանի պատվիրակությանը և մաղթում նորանոր հաղթանակներ:


Դիտել ֆոտոշարքը․․․ (լուսանկարներն արխիվից)

Նյութը՝ Կարինե Գևորգյանի



Կատեգորիա: Entertainment | Դիտումներ: 654 | Ավելացրեց: starslife | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Вверх

  • PRchecker.info Яндекс.Метрика